Կառավարությունը զիջման չի գնա փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների պահանջի բավարարման հարցում և «Շրջանառության հարկի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախաձեռնի: Փետրվարի 1-ից օրենքը կմտնի լիարժեք կիրառության մեջ: Կառավարությունը մասամբ հեշտացրել է ապրանքային մնացորդի գույքագրման գործընթացը՝ «Առաջին լրատվականի»-ին ասել են ֆինանսների նախարարությունից:
«ՀՀ ԱԺ կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունված՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի կողմից 2014 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում նոր փոփոխություններ չեն նախատեսվում: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մշակվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առևտրական (առքուվաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները դժվարանում էին օրենքով նախատեսված անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին: Վերջինս պայմանավորված էր տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների հաշվառման ձևանմուշի լրացման դժվարություններով:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան փոփոխություններ է կատարել ապրանքային մնացորդների ձևանմուշի մեջ՝ կրճատելով ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները: Արդյունքում ապրանքային մնացորդի գույքագրման գործընթացը էականորեն պարզեցվել է»:
Տոնավաճառների աշխատակիցներին չի բավարարում գործող օրենքը, և նրանք շարունակելու են պայքարել, բողոքի ակցիաներ կազմակերպել: Նմանատիպ ակցիա նախատեսվում է հունվարի 27-28-ին: Առևտրականները պահանջում են իրենց տալ ընտրելու հնարավորություն: «Մենք ասում ենք՝ թող շրջանառության հարկի մասին օրենքը գործի, բայց թող դրան զուգահեռ գործի նաև ալտերնատիվ տարբերակ՝ 3,5 տոկոս, և թող մարդիկ ընտրեն, թե որ դաշտում են ուզում աշխատել: Եթե մարդը կամենում է քիչ հարկ վճարել, ապա հասկանալի է, որ կաշխատի շրջանառության հարկի դաշտում, իսկ եթե ոչ՝ ուրեմն կաշխատի 3,5 տոկոս հարկի շրջանակներում: Սա է հիմնականը»,- ասել է «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» ՀԿ նախագահ Ստեփան Ասլանյանը: